«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

.........

.........
13.02.2009 | 00:00

Ինչպե՞ս փակեմ սրտիս լեզուն, սրտիս ձայնը ինչո՞վ փակեմ
Փետրվարի 19-ին կլրանա նախագահական ընտրությունների մեկ տարին:
Ընդդիմությունը որևէ կերպ չի հիշի այդ օրը. դե, գոնե այս պահի դրությամբ, որևէ «հիշողական» միջոցառում չի նախաձեռնել:
Նույնը չես ասի իշխանությունների մասին: Այնտեղ, ոնց երևում է, փորձում են իրենց տալ միջոցառումների, այցերի, որպեսզի արագ մոռանան վերհուշը:
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի երբեմնի պետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 19-ին աշխատանքային երկօրյա այցով կմեկնի Ղարաբաղ. հիմնախնդրի շուրջ գործընթացների ու կարգավորման վիճակը երևի ծանրացել է նրա սրտին:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա փետրվարի 19-ին նա կհաղորդի է՛լ ավելի հումանիստական «բովանդակություն». բավականին լուրջ պատվիրակությամբ կմեկնի Լոռի` մասնակցելու Մեծն Լոռեցու` Հովհաննես Թումանյանի 140-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառումներին:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Հիմա էլ «Նաբուկոն»
Միջազգային հեղինակավոր քաղաքատնտեսական կենտրոններից մեկի հավաստմամբ` Եվրոպան ու ԱՄՆ-ը, շահագրգիռ ֆիրմաների հետ համատեղ, օրերս համաձայնության են եկել ամենաուշը այս տարվա սեպտեմբերին «Նաբուկո» ծրագիրը հաստատելու և Հայաստանը, որպես տարանցիկ երկիր դրանում ներգրավելու հարցում։ Սակայն, որպես գլխավոր նախապայման, Արևմուտքը Հայաստանի ու Ադրբեջանի առջև ղարաբաղյան հակամարտությունը մինչև սեպտեմբեր հանգուցալուծելու խնդիր է դրել, ինչն իր արտացոլումը պետք է գտնի առնվազն շրջանակային փաստաթղթում։ Որքանով այդ «շրջանակն» իր մեջ կներառի հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները, առայժմ հայտնի չէ, սակայն հստակ է, որ վերասրբագրված փաստաթուղթը պետք է բավարարի ինչպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի պահանջները։ Քաղաքատնտեսական նույն կենտրոնի փոխանցմամբ` բոլորովին վերջերս Համաշխարհային բանկը «Նաբուկո» գազատարը ֆինանսավորելու որոշում է կայացրել, պայմանով, որ կոնսորցիումի անդամ երկրների ու գազ մատակարարող պետությունների միջև համապատասխան համաձայնագիր ստորագրվի։ Ըստ այդմ, նախատեսվում է մեկ միլիարդ եվրո տրամադրել` միջանցիկ խողովակաշարերի կառուցման համար։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Ռուբլին անցնում է գրոհի
Այն, որ վերջապես Հայաստանի կառավարության դեգերումները «կայունացման» վարկ ստանալու առումով հանգուցալուծում ստացան, և Ռուսաստանը Հայաստանին վարկ տրամադրեց 500 մլն դոլարի չափով, մեզանում բազմաթիվ չպարզաբանված հարցերի տեղիք տվեց: Քանի որ բոլորն էին հիշում, թե ընդամենը 100 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանը Հայաստանից ինչ ձեռնարկություններ «պոկեց»: Այն, որ վարկը տրամադրվել է բավականին ծանր պայմաններով` 15 տարով և բարձր տոկոսադրույքով, հարցի մի կողմն է միայն: Մյուս կողմն այն է, թե այս անգամ ինչ է «պոկելու» Ռուսաստանը Հայաստանից: Ռուսաստանը վերջին ամսում, այսպես կոչված, հակաճգնաժամային վարկեր տրամադրեց Ղրղզստանին, Բելառուսին, հավանաբար մոտ 5 մլրդ կտրամադրի ՈՒկրաինային: Հայաստանին վարկի տրամադրումը ռուսական ԶԼՄ-ները բացատրում են այն հանգամանքով, որ «մեծ եղբայրը» օգնության ձեռք մեկնեց «փոքր եղբորը», կամ որ Հայաստանը եթե ոչ հիմա, ապա մոտակա ապագայում կարող է համալրել այն երկրների ցանկը, որոնք կմտնեն ռուբլու գոտի: Իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Մասնավորապես, Ռուսաստանը մտադիր է ԱՊՀ անդամ երկրներին մատակարարվող գազի դիմաց վճարումները ստանալ իր ազգային արժույթով (Հայաստանի պարագայում խոսքը 200-300 մլն դոլարի մասին է): Այսինքն, վճարվող դոլարային գումարի փոխարկումը ռուբլով բավականին կմեծացնի այդ արժույթի պահանջարկը «ՀայՌուսգազարդի» կողմից, որն էլ կգնի շուկայում եղած ռուբլու մեծ մասը: Սակայն երկրորդ խնդիրն այն է, որ պետք է ապահովել նաև ոչ միայն պետական, այլև մասնավոր խողովակներով ռուբլու զգալի քանակի ներթափանցում հայկական արժութային շուկա, որտեղ Ռուսաստանին կարող են օգնել մեր այն հայրենակիցները, որոնք բնակվում են Ռուսաստանում և պարբերաբար գումարներ են ուղարկում Հայաստան: Բավական է միայն դոլարային փոխանցումները փոխարինել ռուբլով, որը, կարծում ենք, Ռուսաստանի կառավարության համար դժվարություն չի լինի, և հարցը լուծված է։ Ընդամենը հարկ կլինի որոշում ընդունել, որ այսուհետ Ռուսաստանից ԱՊՀ երկրներ փոխանցումները պետք է իրականացվեն միայն ռուբլով: Իսկ եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանից Հայաստան արժութային փոխանցումները կազմում են ընդհանուրի 80 տոկոսը, և հայաստանցիների 35-40 տոկոսն օգտվում է դրանցից, ապա մի քանի տարում Հայաստանում ռուբլու այնպիսի զանգված կառաջանա, որ ազգային դրամից հրաժարվելն ու ռուբլու գոտի մուտքը շատ սահուն կլինեն: Այնպես որ, այնքան էլ անհեռանկարային չեն Ռուսաստանի ձգտումները` սեփական արժույթը ԱՊՀ երկրների տարածքում շրջանառելու առնչությամբ։ Պարզապես ժամանակի խնդիր է:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Բավարարվեցին նկատողությամբ
«Պաշտոնյային ոչ վայել պահվածքի» համար ՀՀ առողջապահության փոխնախարարներին վարչապետի նկատողությունից հետո, նույն գերատեսչության ղեկավար Հարություն Քուշկյանից հետաքրքրվեցինք, թե անձամբ ինքն ի՞նչ պատժամիջոցներ կկիրառեր նրանց նկատմամբ: «Նույնը, ինչ վարչապետը` խիստ նկատողություն»,- ընդգծեց նախարարը: Իսկ այն դիտարկմանը, թե արդյո՞ք աշխատանքից հեռացնելն ավելի ճիշտ լուծում չէր լինի, Քուշկյանը պատասխանեց. «Ոչ, բավարարվեցինք խիստ նկատողությամբ»: Թեև նախարարը համոզված է, որ նման պահվածքի համար կարելի է նաև պաշտոնյային աշխատանքից հեռացնել:
Ռ. Խ.

Ամրագոտիները ձգելու ժամանակը
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության վերջին ստուգումները բազմաթիվ խախտումներ են արձանագրել ոչ պետական բուհերում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մասնավոր բուհերը պետք է ձգեն ամրագոտիները, քանի որ նրանց նկատմամբ կիրառվելու է խստացման ծրագիր։ Շատ բուհեր, որոնք իրենց կրթական մակարդակով չեն համապատասխանում որոշակի չափանիշների, հնարավոր է` առաջիկայում դադարեցնեն գործունեությունը, իսկ ուսանողները վերաբաշխվեն տարբեր բուհերի վրա։ Սև ցուցակում հայտնված բուհերի շրջանավարտների առջև որոշակի սահմանափակումներ կդրվեն քաղծառայության մասին օրենքով, պետական համակարգում աշխատելու առումով ևս նրանք դժվարություններ կունենան։ Մասնավորում, ինչպես հայտնի է, սեփականատերն է որոշում` ինչ մասնագետի ընդունել աշխատանքի։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռազմավարական դաշնակցի հերթական «նվերը»
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, «Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է Իրանից Ադրբեջան երկաթուղու նոր ճյուղ կառուցել Աստարա-Ռեշտ-Ղազվին ուղղությամբ։ Այս մասին օրերս Թավրիզում հայտարարել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վ. ՅԱԿՈՒՆԻՆԸ. «Մենք այս նախագիծը գնահատում ենք իբրև Ռուսաստանի ու Իրանի միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության սկիզբ երկաթուղային հաղորդակցության ոլորտում։ Հուսով ենք, որ արդեն այս տարի կսկսենք Ղազվին-Ռեշտ-Աստարա նախագծի իրականացումը»։ Այս նախագիծը «Հյուսիս-Հարավ» առանցքի շրջանակներում է իրագործվում, ինչը շատ կարևորում է Մոսկվան` Ադրբեջանի միջոցով Իրանի հետ երկաթուղային կապ ունենալու համար։ Ռուսական վերլուծաբանները սա գնահատում են իբրև «մեսիջ» Ադրբեջանին, որի դիրքորոշումից շատ բան է կախված Ռուսաստանի նախաձեռնած «գազային պատերազմի» ելքի առումով։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի շահերը հերթական անգամ անտեսվում են, հայկական երկաթուղին կառավարող ռուսական ընկերությունը ոչինչ չի անում Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու համար, բայց այդպիսի շռայլ նվեր անում է Ադրբեջանին։

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ